Ժողովրդական կուսակցությունը փետրվարի 28-ին Մատենադարանի մերձակայքում հանրահավաք կանցկացնի, ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի՝ երթ եւ մոմավառություն Մյասնիկյանի արձանի մոտ։ ԺԿ նախագահն այս մասին ասաց փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ տեղեկացնելով , որ մարտի 13-ին ԺԿ կողմից կազմակերպված եւս մեկ հանրահավաք տեղի կունենա։
«Ես սպասում եմ, որ փետրվարի 28-ին արդար մարդկանց ցույց տեղի կունենա։ Միայն պայքարն է մարդուն բարոյական դարձնում, եւ եթե մենք պայքարենք հանուն մեր արժեքների, արդարության, ապա հաջողության կհասնենք»,- նշեց Կարապետյանը։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք արաբական երկրներում ընթացող իրադարձությունների կրկնությունը Հայաստանում, Կարապետյանը նշեց. «Ես չէի ցանկանա, որ դուք փետրվարի 28-ի հանրահավաքը համեմատեիք արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Հայերն ամեն բան հայավարի են անում, բայց, միեւնույն է, անում են։ Ստացվում է, որ արաբներն ավելի մարտնչող եւ դիմացկուն են, քան հայե՞րը։ Մենք՝ հայերս, դա կանենք ավելի խելացի, մենք չենք ուզում, որ արյունահեղություն լինի, մեզ պետք չէ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կրկնությունը։ Փետրվարի 28-ին մենք «ոչ» կասենք իշխանություններին՝ նրանց «կարմիր քարտ» ցույց կտանք, որի հակառակ կողմում կլինի «Հայր մերը»: Մենք մեր յուրաքանչյուր քայլը կապում ենք Աստծո եւ ժողովրդի հետ եւ մենք պատրաստ ենք մեռնել հանուն Աստծո եւ ժողովրդի»,- ասաց նա։
Տիգրան Կարապետյանը հրաժարվեց հայտնել, թե ինչ քայլեր է նա մտադիր անել այն դեպքում, եթե իշխանությունները ոչ մի կերպ չարձագանքեն վերջնագրին։





























