Մեքենաների մաքսազերծման վերջին փոփոխությունները սառը ցնցուղի ազդեցություն ունեցան մեքենա ներկրողների վրա։ Մարդիկ բողոքում են ու պահանջում, որ մաքսազերծման սահմանված կարգերը վերանայվեն։ Վերջերս NEWS.am-ին տված հարցազրույցում Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ի պատասխան դիտարկմանը, որ մեքենա ներմուծողները դժգոհում են նաեւ, որ մաքսազերծման ժամկետը նոր փոփոխություններով կարճ է, նշել էր. «Եթե մարդ նախապես տեղյակ է խաղի կանոններին, նախօրոք որոշում է կայացնում՝ ներմուծի՞, թե՞ ոչ, ունի՞ այդ միջոցները մաքսազերծելու համար, թե՞ ոչ»։ Պարոն Ալավերդյանին եւ մյուս պետական չինովնիկներին արժե տեղեկացնել, որ մեքենա ներկրելիս քաղաքացին տեղյակ չի լինում մաքսազերծման «խաղի կանոններին», մի պարզ պատճառով՝ տեղեկատվություն այդ մասին գրեթե չկա։

Մաքսայինի բարեփոխումների շրջանակում մոտ 3 տարի առաջ պետեկամուտների կոմիտեի կայքում (customs.am) տեղադրվեց հաշվիչ համակարգ, որով հնարավոր էր գրեթե հստակ հասկանալ, թե ինչքա՞ն կկազմի ներկրվող մեքենայի մաքսային արժեքը։ Մի երկու ամիս հետո կայքից ցուցակն անհետացավ։ Դրա փոխարեն քաղաքացիներին առաջարկեցին զանգով տեղեկանալ։

Առաջարկում ենք հոդվածի ընթերցողներին, այդ թվում՝ պետական պաշտոնյաներին զանգահարել 483599, 483819 հեռախոսահամարներով եւ փորձել մեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվություն ստանալ: Լավագույն դեպքում ձեզ կպատասխանեն մի քանի ժամ փորձելուց հետո։

Մյուս տեղեկատուն, որ գտնվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան «Նորագավիթ» մասնաճյուղում, մեքենա ներկրելու ցանկություն ունեցող քաղաքացու համար անհասանելի է, որովհետեւ այդ տեղեկատուն սպասարկում է միայն նրանց, ովքեր արդեն մեքենան ներկրել են, եւ մաքսազերծման գործընթաց անցնելու համար արդեն մուտք են գործել մաքսատան տարածք։ Պետք չէ խորը վերլուծական միտք ունենալ, որպեսզի հասկանալի լինի, որ նման վարչարարությունը կոռուպցիոն հսկայական ռիսկ է պարունակում:

Շարունակենք թվել «հայկական մաքսային առանձնահատկությունները»: Հայաստան օրական ներկրվում է 30-170 մեքենա, դրանք հատում են սահմանը Բագրատաշենի եւ Մեղրիի մաքսատկետերից։ Պարտադիր ընթացակարգով սահմանային մաքսատանը նշվում է մեքենայի «VIN կոդը», որը 17 նիշանոց իդենտիֆիկացնող թիվ է։ Վերջերս այս նիշը մաքսայինի աշխատակիցները սկսել են անճշտություններով հավաքել, թույլ տրվող սխալների հաճախանակությունը վկայում է այն մասին, որ դա պատահականություն չէ, այլ ունի խրոնիկ բնույթ։ Բանն այն է, որ «VIN կոդի» սխալ նշված լինելու դեպքում ներկրողը պետք է այցելի «Նորագավիթի» մաքսատան Ինտերպոլի ներկայացուցչի կաբինետ, որտեղ մեքենայի նույնականացման կոդը ճշտելու համար անհրաժեշտ է ծախսել մոտ 4 ժամ։

NEWS.am-ի հետ զրույցում մեքենաների ներկրմամբ զբաղվողները հավաստիացնում էին, որ եթե 2 տարի առաջ ներկրվող ամեն 10 մեքենայից 3-4-ի «VIN կոդերն» էին սխալ նշված լինում, ապա այժմ գրեթե բոլոր ներմուծողները ստիպված են լինում այցելելու «ինտերպոլի սենյակ»:

Հայկական մաքսատան հաջորդ մղձավանջը բրոքերներն են։ Կառավարության մաքսայինի բարեփոխումների արդյունքում ստեղծված այս օղակը պետք է դրական ազդեցություն ունենար մաքսազերծման գործընթացի վրա, բայց այս դեպքում տեղին է հիշեր հայտնի խոսքը. «Ցանկանում էին, որ լավ լինի, բայց ստացվեց՝ ինչպես միշտ»։

Բրոքերների ծառայություններն այժմ արժեն 35000 դրամ (նախկինում այն 18000 դրամ էր)։ Բրոքերի կատարածը հետեւյալն է, նա հայտարարագրում է մաքսազերծման ենթակա մեքենան՝ մոտ 3-4 րոպեի ընթացքում։ Իհարկե մաքսատանը կա առանձնացված համակարգիչ, որով կարելի է ինքնահայտարարագրում կատարել, բայց խնդիրն այն է, որ հայտարարագիրը լրացնելու համար մարդը պետք է «մաքսային» կրթություն ստացած լինի։ Նույնիսկ մոտ 10 տարի մեքենաների ներմուծմամբ զբաղվողները գերադասում են վճարել բրոքերին, քան ինքնուրույն լրացնել այդ «տերմինախեղդ» թուղթը։  35000 դրամ վճարելով մեքենա ներմուծողը մոտենում է «ծանրաձողին»։ Պետք է գնահատվի մեքենան մաքսայինի գնացուցակով։ Որեւէ մեկին հայտնի չէ, թե մաքսայինի գնացուցակը ի՞նչի հիման վրա է կազմվում, որովհետեւ այն չի արտացոլում տվյալ տարեթվի ու մակնիշի երկրորդային շուկայի իրական միջազգային միջին գինը։

Օրինակ բերենք Հայաստանում մեծ պահանջարկ ունեցող S կլասի «Mercedes Benz» մակնիշի մեքենան. 1996-1998թթ. արտադրության «Mercedes Benz» S կլաս, 5 լիտր աշխատանքնային ծավալով W140-ը, այժմ Ճապոնիայի կամ ԱՄՆ  երկրորդային շուկայում արժե միջինը 5400 դոլար։ Ավելացնենք տեղափոխման ծախսերը, արժեքը կկազմի մոտ 6500 դոլար։

Ըստ մաքսային կարգերի՝ մինչեւ 5 տարեկան մեքենաների մաքսազերծումը կազմում է մեքենայի արժեքի 32 տոկոսի համարժեք գումար, 5-10 տարվա մեքենաներինը՝ 34, 11-15 տարվա մեքենաներինը՝ 42, իսկ 15 տարուց ավելի հին մեքենաների մաքսազերծումը կազմում է արժեքի 52 տոկոսի համարժեք գումար։

Նշված օրինակը համապատասխանում է երրորդ խմբին, այսինքն 6500 դոլարանոց մեքենան պետք է մաքսազերծվի մոտավորապես 2700 դոլարով, սակայն մաքսազերծվում է 6000 դոլարով: Փաստացի, մաքսազերծումը կազմում է ոչ թե 42 տոկոս այլ գրեթե 92,3 տոկոս։ Ո՞վ եւ ինչպե՞ս որոշել, որ 6500-ի 42 տոկոսը կազմում է 6000, պարզ չէ, բայց մեկ բան հստակ է, այդ մարդը կամ համակարգը սխալ է հաշվում։ Մեքենա ներկրողների խոսքով, մաքսային հսկիչ գները իրական գներից տարբերվում են 70-350 տոկոսով, որոշ դեպքերում նույնիսկ ավելի։ Այս հրապարակումն ընթերցող մաքսային պաշտոնյան հնարավոր է ընդվզի, եւ արդարանա, որ «Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի մասին» (Մաքս. Օրենսգիրք, հոդված 87) օրենքով ներմուծողը կարող է հիմնավորել, որ հայտարարագրում իր ներկայացրած գինը իրական է, բայց մաքսային մարմինը գրեթե միշտ հիմք չի ընդունում հայտարարտուի ներկայացրած փաստաթղթերը։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստերում բազմիցս նշել է, որ գերատեսչությունները պետք է աշխատեն բաց եւ թափանցիկ, ու կատարվող աշխատանքի մասին պետք է իրազեկեն նաեւ պաշտոնական կայքերի միջոցով։ Ավելորդ չէ նշել, որ ՀՀ պետական եկամուտների պաշտոնական կայքում՝ customs.am –ում, «Հակակոռուպցիոն միջոցառումներ» բաժնում դատարկություն է տիրում։