Հայաստանյան բնապահպանական մի շարք կազմակերպություններ փետրվարի 8-ին բողոքի նամակ են ուղղել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերտին, որում իրենց մտահոգությունն են հայտնել կանադական «Dundee Precious Metals» -ին պատկանող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության՝ շրջակա միջավայրի վրա թողած անբարենպաստ ազդեցության կապակցությամբ։ Փետրվարի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը։
Նրա խոսքով, իրենք Կանադայի վարչապետից պատասխան նամակ չեն ակնկալում, պարզապես իրենց ծանուցմամբ այդ երկրի կառավարությանը ցանկացել են նախազգուշացնել, որ «Դինո Գոլդ մայնինգը»՝ ոսկու հանքավայրերի շահագործման իր գործունեությամբ մեծ վնաս է հասցնում Հայաստանի հարավին, մասնավորապես՝ Կապանին եւ նրա շրջակա գյուղերին։
«Մեր բարձրացրած աղմուկն, այնուամենայնիվ, արդյունք է տվել. «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան հեռացվել է»,- տեղեկացրեց Զարաֆյանը։
Ամփոփելով՝ «Էկոլուր» հ/կ նախագահը տեղեկացրեց, որ Կապանի բնակիչները ստիպված են սնվել վնասակար նյութերով գերհագեցած հողերում աճած գյուղմթերքներով, ինչը պատճառ է դառնում օնկոլոգիական եւ բազմաթիվ այլ հիվանդությունների թվի ավելացման։ «2005 թվականի համեմատությամբ, երեխաների մոտ քաղցկեղածին հիվանդությունների դեպքերը 2009-ին ավելացել են 2,5 անգամ»,-եզրափակեց Զարաֆյանը։



























