Հայաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքն է նկատվում։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախագահի խորհրդական, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը։
Նա հիշեցրեց, որ անցյալ տարի խիստ քննադատության է ենթարկել այն պաշտոնյաներին, որոնք հայտարարում էին, թե Հայաստանը ճգնաժամից դուրս է եկել (նկատի ունի էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանին)։
Թ. Մանասերյանի կարծիքով՝ ճգնաժամի ազդեցությունը ողջ աշխարհում, ու նաեւ Հայաստանում դրսեւորվում է բարձր գնաճի տեսքով։ Սակայն Թ. Մանասերյանը նշեց նաեւ, որ գնաճը ունի դրական կողմեր՝ խթանում է տնտեսությունը։ «Գնաճը վտանգավոր է միայն այն ժամանակ, երբ երկնիշ է, այլ խոսքով՝ կա հիպերինֆլյացիա»,- ասաց Թ. Մանասերյանը։
Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանը չի կարող խուսափել միջազգային շուկայի գների ազդեցությունից, քանի որ ներմուծումից կախյալ երկիր է։ Մասնավորապես՝ ներմուծումը 4 անգամ գերազանցում է արտահանմանը։ Իսկ քանի որ աշխարհի բնակչությունը շատ արագ աճում է եւ հասել է 7 միլիարդի սահմանագծին, պարենային ապրանքների նկատմամբ բարձր պահանջարկը, ըստ տնտեսագետի, կպահպանվի։



























