Լիբիայի Տրիպոլի քաղաքից ռուսական ինքնաթիռով Մոսկվա են մեկնել Հայաստանի 4 քաղաքացիներ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, Ռուսաստանի մայրաքաղաքում տարհանվածներին կդիմավորեն Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները:
Նշենք, որ ԱԳՆ-ի ջանքերով կապ է պահպանվում Մերձավոր Արեւելքում հայաստանի դեսպանատների հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նախօրեին Քադաֆին հանդես է եկել հեռուստատեսությամբ: Նա հայտարարել է, ինքը պաշտոն չունի, որը կարող էր լքել: «Մուամար Քադաֆին պաշտոն չունի, որ լքի այն: Նա նախագահ չէ, այլ հեղափոխության առաջնորդ, եւ այս հողի վրա նա կմեռնի որպես նահատակ»,- ասել է Քադաֆին:
Նրա խոսքով, ինքը դեռ ուժի կիրառման հրաման չի տվել: «Բայց եթե ես անեմ դա, ամեն ինչ կրակի մեջ կլինի»,- նախազգուշացրել է Քադաֆին:




























