«Դինո գոլդ մայնինգ քամփնիի» կողմից Կապանի ոսկու հանքերը բաց եղանակով շահագործելու հետեւանքով այնտեղ ապրող մարդիկ արդեն իսկ հեռանում են սեփական բնակավայրերից. նման միտում, ցավոք, այսօր առկա է։ Փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմա ժամանակ նման մտահոգության հայտնեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։  

«Մենք կորցնում ենք Հայաստանի հարավը։ «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը, ընդերքի ակտիվ օգտագործումը, ինչպես նաեւ Սյունիքում բազմաթիվ պոչամբարների առկայությունը իրենց բացասական ազդեցությունն են թողնում շրջակա միջավայրի վրա, խոչընդոտում մաքուր գյուղատնտեսության եւ տուրիզմի զարգացմանը։ Օրինակ, Տաթեւում ճոպանուղի բացվեց, խոսվում է այդ տարածքում էկոտուրիզմի զարգացման մասին, սակայն  նույն Տաթեւի մերձակայքում հանքավայր է շահագործվում։ Ո՞վ կհամաձայնի գնալ այնտեղ, թունավորվել եւ հետ վերադառնալ. իհարկե, ոչ ոք»,- նկատեց բնապահպանը։

Նա խոսքով, եթե մենք չենք ուզում մուտանտների վերածվել եւ արատներով երեխաներ լույս աշխարհ բերել, ապա պետք է անենք ամեն բան՝ կանխելու համար Հայաստանի հյուսիսում ու հարավում դանդաղորեն ընթացող բնապահպանական աղետները։ «Անտառների ոչնչացումը, հանքավայրերի բաց շահագործումը մարդկանց կյանքի իրավունքի, ՀՀ օրենսդրության եւ միջազգային կոնվենցիաների  խախտում է»,- ամփոփեց Դանիելյանը։   

Նշենք, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» սեփականատերը կանադական «Dandee Precious Metals» ընկերությունն է։ «Դինո գոլդ մայնինգ քամփնին» Հայաստանում գործունեություն ծավալում է արդեն 4-5 տարի։