Հունաստանում, որտեղ այսօր 24-ժամյա գործադուլ է ընթանում, բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, հաղորդում է BBC-ն:

Ըստ այդմ, բախումները տեղի են ունեցել Աթենքում, խորհրդարանի շենքի առջեւ, որտեղ մոտ 30 հազար ցուցարար է հավաքվել: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, երբ իրենց վրա քարեր եւ պլաստիկե շշեր են նետվել:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հունաստանում 24-ժամյա գործադուլ է. հաստատություններն ու տրանսպորտը կաթվածահար են եղել: Գործադուլը հայտարարվել է կառավարության գործունեության դեմ, որը «գոտիների ձգման» քաղաքականություն է վարում` Եվրամիության եւ ԱՄՀ-ի վարկերի դիմաց:

Վարկատուները փրկել են Հունաստանին դեֆոլտից աննախադեպ 110 միլիարդանոց վարկերի դիմաց` պահանջելով կրճատել բյուջեն եւ արմատական բարեփոխումներ անցկացնել:

Փետրվարի 23-ին Հունաստանում գործադուլ են անում պետական հաստատություններն ու բանկերը, դպրոցներն ու համալսարանները, նվազագույն անձնակազմով են աշխատում հիվանդանոցները, իսկ լրատվամիջոցները նորությունների թողարկումներ չեն տալիս:

Լիովին դադարեցվել է երկաթուղային եւ լաստանավային հաղորդակցությունը:

Հանրահավաքներին միանալու են նաեւ ձեռնարկատերերը, ովքեր փակելու են իրենց օբյեկտները ի նշան կառավարության քաղաքականության դեմ բողոքի: