Իշխանական կուսակցությունների միջեւ օրերս կնքված կոալիցիոն հուշագիրը միջոց էր, որն օգնեց միավորվել դրա կարիքն ունեցող կուսակցություններին։ Փետրվարի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը այս քայլին գնացին սեփական դիմադրողականությունը բարձրացնելու համար։

Նրա խոսքով, կոալիցիոն հուշագիրը պայմանավորված չէր արտաքին քաղաքական գործընթացներով եւ ներքաղաքական զարգացումների հետեւանք էր։ «Կոալիցիոն ուժերի միջին եւ ստորին օղակներում, որքան էլ բոլոր այդ ուժերն օգտվեն մեկ միասնական տաշտակից, միեւնույն է, ընդհարումներ լինում են, օրինակ՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն միմյանց հետ կոնֆլիկտներ ունեին։ Հիմա էլ, իշխանության համար ձեռնտու չէ, որ ԲՀԿ-ն կիսաընդդիմադիր խաղերի մեջ լիներ, եւ ստեղծված իրավիճակը ստիպեց, որ  այդ ուժը միաձուլվեր ՀՀԿ-ին»,- նկատեց «Ժառանգության» պատգամավորը։

Մարտիրոսյանի կարծիքով կոալիցիոն հուշագրի ստորագրումն ընդդիմադիր ուժերի համար նոր իրավիճակ է ստեղծում, որը պետք է բերի փոխհամաձայնեցված գործողությունների եւ համատեղ գործողությունների պլանի։ «Ընդդիմությունն անպայման միասնական օրակարգ պետք է ձեւավորի, համագործակցությունն այլընտրանք չունի։ Խոսքը, սակայն, մեկը մյուսին միանալու կամ խոշոր կառույց ստեղծելու մասին չէ»,- հստակեցրեց խորհրդարանականը։

Ամփոփելով՝ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ «Ժառանգությունը» մարտի 1-ի փաստահավաք խմբի շրջանակներում տեւական ժամանակ աշխատել է Հայ ազգային կոնգրեսի, իսկ հայ-թուրքական արձանագրություններին հետեւած «Ոչ»-ի շրջանակում՝ ՀՅԴ-ի հետ։ «Ընդդիմության համագործակցության դաշտ, գոնե քաղաքական հայտարարությունների առումով, առկա է։ Մնում է մի կողմ դնել կուսակցական հավակնությունները եւ ոտքի հանել ժողովրդին»,- նշեց նա։   

Նշենք, որ համագործակցության մասին նոր կոալիցիոն հայտարարությունը ենթադրում է կառավարող երեք ուժերի համախմբված մասնակցություն 2012թ. խորհրդարանական ընտրություններին եւ միասնական թեկնածուի սատարում  2013թ. նախագահական ընտրություններին: