Երկրում ստեղծված սոցիալական իրավիճակը լցրել է ժողովրդի համբերության բաժակը, բայց եթե մարդկանց բողոքը մեծ թափ չի հավաքում, դրանում, միանշանակորեն, ընդդիմությունն է մեղավոր։ Փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
«Եթե պատահի այնպես, որ մարդիկ փողոց դուրս գան առանց առաջնորդի, այսինքն՝ առանց ընդդիմության, ապա նույն այդ ընդդիմությունը կարող է հայտնվել լուսանցքում, ինչը շատ վտանգավոր է»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ «Ժառանգությունը» չի նախանձի ընդդիմադիր որեւէ այլ ուժի, եթե վերջինիս հաջողվի ոտքի հանել ժողովրդին։ «Հակառակը, մենք ուրախ կլինենք։ Այս հարցում «Ժառանգությունն» անգամ կարող է մերան կամ սոսինձ դառնալ ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին իրար միացնելու համար»,- նկատեց Մարտիրոսյանը։
Անդրադառնալով արտագաղթի թեմային՝ պատգամավորը նկատեց, որ վերջին ժամանակներս այդ երեւույթը զգալիորեն մեծ թափ է հավաքել։
«Յուրաքանչյուր շաբաթ մարզերից որեւէ մեկում եմ լինում եւ տեսնում, որ կան գյուղեր, ուր առաջին դասարանցիներ ընդհանրապես չկան։ Երկրից գնում են տղամարդիկ, ովքեր պետք եղած ժամանակ Ղարաբաղի համար պետք է եւ կարող էին զենք վերցնել»,- ամփոփեց Մարտիրոսյանը։




























