Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է դաշնակցել անգամ իշխանական ուժերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, նաեւ ՀՅԴ-ի հետ` երկրում ժողովրդավարացման գործընթացն արագացնելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 24-ին հայտարարեց ՀԱԿ-ի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ ՀԱԿ-ն ավելի է ակտիվացնելու իր պայքարը, սկսելով հանրահավաքային շարժում եւ այդ նպատակով ջանքեր են գործադրելու «խոհանոցային ընդդիմությանը» փողոց դուրս հանելու համար:
Խոհանոցային ընդդիմություն ասելով Արամ Մանուկյանը նկատի ունի հասարակության այն լայն շերտերին, որոնք բողոքում են երկրում առկա իրավիճակից, «իշխանությունների այլանդակություններից», սակայն իներտ է եւ անձամբ չի փորձում մասնակցել պայքարին: «Մենք նրանց փորձելու ենք համոզել, որ համատեղ, միասնական պայքարն է ճիշտ, եւ միայն այդ պայքարն է, որը կբերի հաղթանակի»,-նշեց ՀՀՇ վարչության նախագահը:
Ըստ Արամ Մանուկյանի, դժգոհությունը մեծանում է նաեւ իշխանական շարքերում, օրինակ` ՀՀԿ-ում, որոք բողոքում են իշխանությունների վարած քաղաքական գծից եւ արձանագրում են իշխանության ձախողումները: ՀՀՇ վարչության նախագահի խոսքով` իշխանություննեի կողմից տարվող քաղաքական կուրսը տանում է դեպի կործանման, արտագաղթի, դեմոգրաֆիական վտանգների, որոնց դեմն առնելու հարցում Կոնգրեսը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել: «Կոնգրեսը մտադիր է Հայաստանում իշխանափոխության հասնել, այլ ոչ թե հեղաշրջման»,-նշեց Մանուկյանը` հավելելով, թե Հայաստանը մտնում է նոր, որակապես տարբեր փուլ:
«Դա ներքին սոցիալական լարվածության աճն է, ներիշխանական զարգացումների փաստը եւ արտաքին տաք քամիները»,-նշեց Մանուկյանը: Նա նաեւ հավելեց, որ մարտի 1-ը, (այդ օրը ՀԱԿ-ի հանրահավաք է հրավիրել) լինելու է ըմբոստացման դրսեւորում, ոչ թե լացի ու նվնվոցի:





























