Ժողովրդավարությունն է, որ պետք է փրկի Ղարաբաղը եւ Հայաստանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 24-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը` մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն այն մասին, թե «սերունդները մեզ չեն ներելու ժողովրդավարության հաստատումը ԼՂ կորստյան գնով»: Արամ Մանուկյանը նշեց, որ ժողովրդավարության գնով է, որ կարողացանք ձեռք բերել Ղարաբաղը, եւ Հայաստանի ժողովրդավարությունն էր, որ «աշխարհը աչք փակեց կամ աջակցեց մեր գործողություններին` Ղարաբաղի ազատագրման պրոցեսում»:

Ըստ ՀՀՇ վարչության նախագահի` արցախյան պատերազմի փուլում չի եղել մի երկիր, անգամ մուսուլմանական, ռադիկալ կամ ոչ բարեկամ, որոնք հայտարարեին, թե Հայաստանը ագրեսոր է կամ գրավել է այլ երկրի տարածք: «Արաբական լիգային երկրները միշտ պահպանեցին չեզոքությունը` դիտարկելով պրոցեսը որպես ազատագրական եւ ինքնորոշման համար մղվող պայքար: Իսկ այժմ Հայաստանի ոչ ժողովրդավար դրսեւորումների հետեւանքով աշխարհում չի մնացել մի կազմակերպություն, մի երկիր կամ խաղացող, որը չհայտարարի, որ Հայաստանը ագրեսոր է եւ պետք է դուրս գա Ղարաբաղի տարածքից»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Նրա խոսքով` ժողովրդավարության գոյությունը բերում է հաղթանակներ բոլոր ոլորտներում, այդ թվում եւ ԼՂ կարգավորման հարցում: «Իսկ ոչ ժողովրդավար վիճակը բերում է մի իրավիճակի, երբ մեկ կամ երկու տերեր են հայտնվում, ովքեր քեզ վերցնում են իրենց պաշտպանության տակ եւ դու զրկվում ես մնացած բոլորի հովանավորությունից, աջակցությունից, համատեղ ծրագրեր իրականացնելուց: Այսօրվա արտագաղթը, կոռուպցիոն համակարգը եւ Ղարաբաղին սպառնացող վտանգը Հայաստանի` ոչ ժողովրդավար վիճակն է»,-նշեց Մանուկյանը:

Նա նաեւ մեսիջ հղեց միջազգային կառույցներին եւ ԱՄՆ-ին` Հայաստանը կզարգանա եւ կդառնա կանխատեսելի գործընկեր, եթե լինի ժողովրդավար: «Հերթականությունն այսպիսին է` Ժողովրդավարությունն է, որ կլուծի Հայաստանի եւ նրա շուրջ գտնվող խնդիրները` հայ-թուրքական սահմանի բացումը, ԼՂ խնդիրը եւ Հայաստանը կանխատեսելի դարձնելը: Այն մեթոդը, որով ամերիկացիներն եւ եվրոպացիները փորձել են խոցելի իշխանության միջոցով լուծել, ես համարում եմ ձախողված»,-նշեց ՀՀՇ վարչության նախագահը:

Նրա խոսքով` միջազգային հանրության թիվ մեկ խնդիրը տարածաշրջանում հայ-թուրքական սահմանի բացումն է եւ ԼՂ խնդրի լուծումը, որը նրանք Հայաստանում գործող թույլ եւ խոցելի իշխանությունների միջոցով չեն կարող լուծել: Իսկ Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է իշխանության գալով ժողովրդի քվեի միջոցով, միջազգային հանրության հետ խնդիրներ լուծել` հանուն երկրի շահի եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման: