Եվրոպական Brent մակնիշի նավթի գինն այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան հասել է 120 դոլարի՝ 1 բարելի դիմաց։ Այդ մասին հաղորդում է «Ֆրանս-Պրես» գործակալությունը։ Նշվում է, որ դա այդ մակնիշի նավթի առավելագույն գինն է վերջին 30 ամսում, սակայն այնուհետ գինը կայունացել է 117 դոլարի սահմաններում։

Նավթի գների վրա էական ազդեցություն են թողնում Լիբիայում ընթացող իրադարձությունները։ Այդ երկրի դերը նավթի համաշխարհային արտահանման մեջ մեծ չէ՝ ընդամենը 2 տոկոս, սակայն շուկային վախեցնում է այն հանգամանքը, որ հեղափոխության «վարակը» կտարածվի նավթով հարուստ այլ երկրներ, հատկապես՝ Սաուդյան Արաբիա, որտեղ նույնպես անհանգստության նշաններ են ի հայտ եկել։

Սակայն շատ փորձագետներ նշում են, որ նավթի գների աճն ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ։ Համաշխարհային տնտեսությունը արագացրել է աճի տեմպը, ինչը էներգակիրների նկատմամբ հավելյալ պահանջարկ է ստեղծում։ Հատկապես արագ են աճում խոշոր բնակչություն ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանն ու Բրազիլիան։

Հայաստանում նավթի միջազգային գների աճը զգացնել է տալիս բենզինի թանկացմամբ։ Այսօր՝ փետրվարի 24-ին բենզալցակայանների կողմից բենզինի եւ դիզվառելիքի գինը բարձրացվել 10 դրամով։  Այսպես՝ 1 լիտր ռեգուլյար բենզինը վաճառվում է արդեն 410 դրամով։