«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթն այս տարի Հայաստանում, ինչպես եւ աշխարհի մնացած բոլոր երկրներում, տեղի կունենա մարտի 17-ին, քանի որ օրը միասնական է բոլոր երկրների համար. ընդ որում, Հայաստանից մրցույթին կմասնակցեն ավելի քան 36 հազար երեխաներ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  տեղեկացրեց մրցույթի հայաստանյան ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը։

Նրա խոսքով, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը մեր երկրում անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ «Իսկ ընդհանրապես, խաղ-մրցույթը 20 տարվա պատմություն ունի եւ առաջին անգամ անցկացվել է 1991 թվականին»,- տեղեկացրեց ծրագրի ղեկավարը։

Կարապետյանի տեղեկացմամբ, այս տարի մրցույթին մասնակցելու հնարավորություն ստացել են նաեւ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի մի շարք դպրոցների սաներ։ «Մյուս տարի մրցույթի աշխարհագրությունն ավելի կընդլայնվի եւ մասնակցության իրավունք կստանան նաեւ ԼՂՀ գյուղերի դպրոցականները»,- նշեց նա՝ միաժամանակ դժվարանալով ասել, թե քանի արցախցի երեխա է այս տարի մասնակցելու «Կենգուրու-2011»-ին։ Շուշան Կարապետյանը դժվարացավ նշել նաեւ՝ Երեւանից, թե այնուամենայնիվ մարզերից են ավելի շատ մասնակցության հայտեր ստացվել։

 «Մենք 1203 դպրոցների եւ դրանց սաների ներգրավման գործընթացը, այսինքն՝ մրցույթի մասնակցության հրավեր-փաթեթներ ուղարկելը սկսել ենք դեռեւս հունվար ամսից»,- տեղեկացրեց ծրագրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ մրցույթ-խաղին կարող են մասնակցել 3-11-րդ դասարանցի բոլոր աշակերտները, ընդ որում անկախ նրանց կողմից ցուցաբերված առաջադիմություն էական դեր չի կարող խաղալ։

Ամփոփելով՝ Շուշան Կարապետյանը հիշեցրեց, որ անցած տարի մրցույթի հայաստանյան փուլում հաղթող են ճանաչվել Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Էդգար Մինասյանը և Արարատի մարզի Վանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ Աբրահամ Գրիգորյանը: «Ճիշտ է, բացարձակ հաթողներ այս տարիների ընթացքում չենք ունեցել, սակայն այս երեխաները լրացուցիչ մրցույթում հավաքել են ամենաբարձ միավորները»։