Իշխող կոալիցիան կար նաեւ մինչեւ հուշագրի ստորագրումը, պարզապես հուշագրի ստորագրմամբ կոալիցիոն Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները՝  հաստատեցին իրենց դիրքորոշումները, իսկ դա կարող է դրական հետեւանքներ ունենալ։ Փետրվարի 24-ին  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Նրա խոսքով, հուշագրի ստորագրումը կխրախուսի ընդդիմության համախմբումը։ «Դա կարող է բերել հայաստանյան քաղաքական դաշտի դրական զարգացման։ Սակայն այստեղ կա մի գործոն՝ ընտրությունները, որոնք կարեւոր են յուրաքանչյուր միությունից։ Եթե նորմալ ընտրություններ տեղի ունենան, ապա ցանկացած միություն կարող է դրական արդյունքներ տալ, իսկ եթե ընտրությունները ազատ եւ արդար չլինեն, ապա պարբերաբար խնդիրներ կծագեն»,- նշեց քաղաքագետը՝ ավելացնելով, որ բազմակուսակցական համակարգը գրանցված 100 կուսակցությունների առկայությունը չէ, այլ մի քանի գլխավոր ուժերի առկայությունը։

Մեկնաբանելով այն միտքը, որ հուշագրի ստորագրմամբ քաղաքական դաշտը մոնոպոլիզացվեց, Գրիգորյանը նշեց, որ Ազգային  ժողովում կա ընդդիմադիր հստակ կողմնորոշում  ունեցող ուժ, ինչպեսեւ արտախորհրդարանական ընդդիմություն, որը հանրահավաքներ է անցկացնում։ «Ինչո՞ւմ է խնդիրը։ Իշխող կուսակցությունը կար նաեւ մինչեւ հուշագրի ստորագրումը, ես չեմ կարծում, որ գործ ունենք քաղաքական ոլորտի մոնոպոլիզացիայի հետ»,- նկատեց քաղաքագետը։