Հայաստանի կառավարությունը որոշել է արտերկրից 63 տոննա հիբրիդային սերմացում գնել՝ ֆերմերներին տրամադրելու համար: Սերմացուն պետք է վերադարձվի բերքահավաքից հետո՝ եգիպտացորենի միջին շուկայական արժեքի կրկնակի չափով:
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 24-ի նիստում հաստատվել է եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագիրը:
Թռչնաբուծության եւ անասնապահության ներկա զարգացման պայմաններում հանրապետությունը խիստ կարիք ունի եգիպտացորենի ցանքատարածությունների ընդլայնման եւ համախառն բերքի ավելացման:
Կառավարությունը 2005-2008 թթ. աջակցում էր եգիպտացորեն մշակողներին, ինչի շնորհիվ ցանքատարածությունները աճեցին մինչեւ 4200 հա։
Սակայն 2009 եւ 2010 թթ. եգիպտացորենի ցանքատարածությունները կրկին կրճատվել են եւ հասել 3100 հա-ի; Ըստ գյուղատնտեսության նախարարության տեղեկանքի՝ ցանքի համար օգտագործվող սերմացուները անհայտ ծագման են, ցածր որակի կամ անհայտ վերարտադրության:





























