Առողջապահության նախարարությունը մինչեւ հուլիսի 1-ը պետք է կառավարություն ներկայացնի Առողջապահության համակարգում ապահովագրական համակարգի ներդրման ռազմավարությունը: Այսօր՝ փետրվարի 24-ին նման որոշում է կայացրել Հայաստանի կառավարությունը:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունն այդ ռազմավարությունը պետք է ներկայացներ մինչեւ 2010 թ. դեկտեմբերի 15-ը, սակայն այն մինչ օրս պատրաստ չէ:  Ավելին՝ կառավարությունն ընդառաջ գնաց առողջապահության նախարարության խնդրանքին եւ փաստաթղթի ներկայացումը հետաձգեց մինչեւ 2011 թ. հուլիսի 1-ը։

Ըստ առողջապահության նախարարության ներկայացրած տեղեկանքի՝ ծրագրի հետաձգումը պայմանավորված է լրացուցիչ ուսումնասիրությունների ու քննարկումների անհրաժեշտությամբ։

Նախատեսվում է նաեւ միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում (ՀՀ կենտրոնական բանկ, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, Պետական եկամուտների կոմիտե եւ ՀՀ ԱԺ /համաձայնությամբ/):