Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը փետրվարի 24-ին համաձայնագիր են ստորագրել 201-2015թթ. սոցիալ – տնտեսական համագործակցության մասին։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայնագրի շրջանակում նախատեսվում է երկաթուղային տրանսպորտի բնագավառում եւ մայրաքաղաքի սոցիալական ենթակառուցվածքների քաղաքային օբյեկտների զարգացմանն ուղղված նպատակային  ծրագրերի իրականացում։

Երեւանի քաղաքապետը նշել է, որ համաձայնագիրը բազմակողմ է եւ, ընդհանուր առմամբ, լավ հող է նախապատրաստում  համատեղ ծրագրերի իրականացման համար: Կ.Կարապետյանը կարեւորել է նախատեսվող ծրագրերի  սոցիալական նշանակությունը մայրաքաղաքի բնակչության համար  եւ  հույս է հայտնել, որ քաղաքային իշխանության եւ բիզնես կառույցի համագործակցության այս օրինակը, լավ իմաստով, վարակիչ  կդառնա  գործարար համայնքի համար:

Ստորագրված համաձայնագրով  նախատեսվում է քաղաքամերձ եւ քաղաքային երկաթուղային տրանսպորտի զարգացման համալիր ծրագրի մշակում, տրանսպորտային հանգույցի ստեղծում՝ երկաթուղային տրանսպորտի եւ մետրոյի, քաղաքային ուղեւորատար ավտոտրանսպորտի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Նախատեսվում է  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բազայի հիման վրա կազմակերպել Երեւանի մետրոպոլիտենի եւ քաղաքային էեկտրատրանսպորտի շարժակազմի վերականգնման եւ վերականգնողական աշխատանքները։

Բացի այդ, նախատեսվում է  25 տոկոսից մինչեւ 50 տոկոս զեղչեր սահմանել երկրի ներսում գնացքով երթեւեկող ուսանողների համար:

Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ «Հարավկովկասյան երկաթուղին» տեխնիկատնտեսական հաշվարկներ կներկայացնի  «Մանկական երկաթուղու» ընդլայնման ( նոր շինարարության) նախագծի  վերաբերյալ։

Համագործակցության շրջանակում  կողմերը կուսումնասիրեն «Ալմաստ» գործարանի շրջակայքում Երեւան-Հրազդան-Երեւան ուղղությամբ երթեւեկող էլեկտրագնացքի համար ուղեւորային կառամատույցի կահավորման հնարավորությունը։

 Երեւանի քաղաքապետարանի հետ կդիտարկվի նաեւ առողջապահական ոլորտում համայնքային բուժհաստատություններից մեկի հիման վրա համատեղ բժշկական հաստատության ստեղծման հնարավորությունը՝ հետագայում այն ժամանակակից բուժարանի վերափոխելու նպատակով, որը բժշկական ծառայություն կմատուցի ինչպես մայրաքաղաքի բնակչությանը, այնպես էլ ընկերության աշխատակիցներին։

Ընկերությունը կաջակցի նաեւ մայրաքաղաքի Կարապենցի անվան իվ 6 միջնակարգ դպրոցում մասնագիտական դասընթացների կազմակերպմանը  եւ համակարգչային դասարանի ստեղծմանը։