Երեւանյան խանութներում իսկական շաքարավազային տենդ է սկսվել։ Մարդիկ, մոտալուտ թանկացումներից զգուշանալով, սկսել են շաքարավազ պահուստավորել։ Տնային տնտեսուհիների կենցաղային խոսակցություններում ամենատարածված հարցը հետեւյալն է՝ «որքա՞ն շաքար ունես տանը»։
Թեեւ մեր մոնիտորինգը խանութներում շաքարավազի թանկացում չհայտնաբերեց, մի շարք խանութներում, այնուամենայնիվ, շաքարավազ չկար։ Սակայն խոսել դեֆիցիտի մասին վաղ է՝ սուպերմարկետներում կարելի է ազատորեն շաքարավազ ձեռք բերել կգ-ը 360 դրամով։ Կան նաեւ առաջարկներ 345-ով, սակայն գնորդները դժգոհում են դրա որակից՝ չափից ավելի խոնավ է։
Որքանո՞վ հիմնավոր են շաքարավազի թանկացման մասին խոսակցությունները։ Բնականաբար՝ առաջին հերթին փորձագիտական հայացքն ուղղվում է դեպի միջազգային շուկա, որտեղից գալիս են հիմնական գնային ազդակները։ Այստեղ իրավիճակը փոփոխական է՝ շաքարավազը ժամանակ առ ժամանակ թանկանում, այնուհետ մի փոքր էժանանում է՝ պահպանելով սակայն բարձր գնային միջավայր։ Օրինակ՝ հունվարին շաքարավազի բորսայական գները ունեին բարձրացման միտում, եւ փետրվարի սկզբին կանգ առան ռեկորդային բարձր մակարդակի վրա՝ 32,09 ցենտ 1 ֆունտի ((0,4535 կգ)) դիմաց (աղբյուր՝ Արժույթի միջազգային հիմնադրամ)։ Վերջին 30 տարում դա շաքարավազի հումքի ամենաբարձր գինն է։ Այնուհետ գները չափավոր սկսեցին նվազել, սակայն արդեն փետրվարի 24-ին շուկաները գրանցեցին գնի հերթական աճ։
Ըստ վերջին տեղեկատվության՝ Նյու Յորքի ICE բորսայում շաքարավազի հումքը վաճառվել է 30,22 ցենտ/ֆունտ գնով։ Լոնդոնի LIFFE բորսայում սպիտակ շաքարավազի տոննայի գինը փետրվարի 24-ին եղել է 705 դոլար։ Սա համարժեք է կգ-ը 260 դրամին։ Եթե հաշվի առնենք տրանպորտային ծախսերն ու մաքսազերծման արժեքը՝ կարելի է եզրակացնել, որ հայաստանյան շուկայում ձեւավորված գնային միջավայրը օպտիմալ է։ Սրա պատճառն այն է, որ Ախուրյանի շաքարի գործարանը կարողացել է 2010 թ. աշնանը համեմատաբար էժան գներով հումք ձեռք բերել եւ պատրաստի արտադրանքի պահուստ ստեղծել։ Դա էլ հիմնականում կայունացրել է շաքարավազի գինը Հայաստանում, այն դեպքում, երբ Վրաստանում ու Ռուսաստանում այն շատ արագ բարձրացավ, ու զգալիորեն ավելի բարձր է, քան Հայաստանում։
Միջազգային փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ շաքարավազի գինը հաստատապես կսկսի նվազել 2011 թ. երկրորդ կիսամյակից, երբ Բրազիլիայում սկսում է շաքարեղեգի բերքահավաքը։ Իսկ մինչ այդ այն կլինի փոփոխական՝ կախված այս կամ այն տարածաշրջանում բնակլիմայական, տեխնիկական կամ քաղաքական կատակլիզմներից։ Շաքարավազի գնի նվազման համար, օրինակ, կարող է լուրջ դեր ունենալ Հնդկաստանը, որը լինելով շաքարավազ արտահանող խոշոր երկիր, ժամանակավորապես արգելել է դրա արտահանումը։ Այդ արգելքի վերացումը անմիջապես կփոխի իրավիճակը շաքարավազի շուկայում։ Սակայն փորձագետները նշում են, որ աշխարհում շաքարավազի պահուստները նվազել են, ինչի պատճառով գները չափազանց զգայուն են բնակլիմայական փոփոխությունների նկատմամբ։
Հայաստանում իրավիճակը կարող է էապես բարելավվել, եթե Ախուրյանի գործարանն ու Շիրակի մարզի գյուղացիները կարողանան համաձայնության գալ շաքարի ճակընդեղի գնի շուրջ։ Եթե որեւէ հաստատուն գնի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ապա Հայաստանը կարող է զերծ մնալ միջազգային գների բացասական կարճաժամկետ ազդեցություններից։ Հայաստանի կառավարությունը գուցե նաեւ մտածի շաքարավազի արտահանումները արգելելու մասին։ Վրաստանում շաքարավազը մոտ 25 տոկոսով ավելի թանկ է, ուստի վրացի գործարարները ցանկանում են շաքարավազ ձեռք բերել Հայաստանում; Եթե դա մեծ ծավալների հասնի, ապա Հայաստանում ու Վրաստանում շաքարավազի գները կհավասարվեն՝ ի վնաս մեզ։
Սամվել Ավագյան



























