Ցանկացած բռնապետություն ինքնին կոնֆլիկտ է: Նման միտք է հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոյանը ԵԱՀԿ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի  հետ հանդիպման ժամանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 25-ին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Ես համաձայն եմ այդ մտքի հետ, բռնապետությունը նույնպես կոնֆլիկտ է` ռեժիմի եւ ժողովրդի միջեւ: Եվ ինչպես ցանկացած կոնֆլիկտ` այն հղի է պայթյունով եւ անկանխատեսելի հետեւանքներով: Ինչպես ցանկացած կոնֆլիկտում, կան դրա լուծման խաղաղ ճանապարհներ` բանակցությունների միջոցով, բայց նաեւ հայտնի է բոլորին, որ եթե կոնֆլիկտը երկար ժամանակ չի լուծվում խաղաղ բանակցություններով, ապա այն լուծվում է պատերազմով»,-հայտարարեց Զուրաբյանը:

Ըստ նրա` միջազգային հանրությունը եւս հասկանում է, որ բռնապետությունը ոչ միայն խնդիր է տվյալ երկրի ժողովրդի, այլ նաեւ միջազգային անվտանգության համար: ՀԱԿ համակարգողը հայտարարեց նաեւ, որ մարտի 1-ին ՀԱԿ հրավիրած հանրահավաքի ժամանակ փորձ կարվի լուծում տալ իշխանություն-ժողովուրդ կոնֆլիկտին: ՀԱԿ-ը ձգտում է, որ այդ լուծումը լինի խաղաղ բանակցությունների ճանապարհով: