Պետական կաիրքների զոհ, Բուզանդի 11 բնակարանի նախկին բնակչուհի Սաթենիկ Դավթյանը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Ստորեւ ներկայացնում ենք նամակն, առանց կրճատումների, քանի որ, ինչպես հեղինակն է ասում, դա իր հոգու ճիչն է:
«Դիմում եմ Ձեզ մի նամակով, որն ավելի շատ իմ հոգու ճիչն է որպես բնիկ երեւանցու, որպես արվեստագետի, որպես Հայաստանի քաղաքացու:
Այս պահին այնքան ցավ եմ ապրում, որ դժվարանում եմ մտքերս շարադրել:
Ես եղել եմ Կենտրոն համայնքի բնակիչ: 2005թ-ին քանդելով մեր տունը հանուն էլիտար շենքերի, որոնք մինչ այժմ կիսակառույց, լքված վիճակում են գտնվում, վտարեցիք մեզ` շատ-շատերի նման դարձնելով անտուն սեփական երկրում: Այն ձեռքերը, որոնք իրականացրեցին այդ, թուրքերից ոչինչով չեն տարբերվում: Երկհարկանի հիանալի բնակարանի եւ հավելյալ մոտ 240 քմ տարածքի դիմաց, մեզնից յուրաքանչյուրին հատկացրին ընդամենը 2000 ԱՄՆ դոլար: Այդ գումարով հնարավոր չէր նույնիսկ 1 սենյականոց խուց գնել: Իսկ մեր հսկայական տարածքը դարձավ անօրեն եւ դաժան տերերի սեփականությունը: Այդքանով հարցը լուծվեց: Այս ամենը համարվեց երկրի գերակա շահ: Շահ, որը վստահորեն համարվում էր ընդամենը մի քանի մարդու շահ: 2004-2005թթ. Անցնելով բոլոր դատական ատյանները եւ տանուլ տալով բոլոր դատական հայցերը, հասկանալի պատճառներով, մենք էլ շատերի նման դիմեցինք Եվրոդատարան: Սա պարզապես խայտառակություն է, երբ մարդը իր սեփական երկրում անզոր է գտնվում իշխանության ուժերի դեմ եւ ստիպված դիմում է այլ երկրի` օգնություն եւ արդարություն խնդրելով: Իսկ միթե երկար տարիներ մենք մեր ուժերը, երազանքները, կյանքը չենք ներդրել մեր երկրի ծաղկման եւ բարգավաճման գործին, որ այսօր մեզ հետ վարվում են ինչպես հին իրի` դեն նետելով: Երբեմն մտածում եմ, որ 80 տարի Երեւանի սրտում ապրելով, 5 սերունդ մեծացնելով, դուրս եկավ, որ այդ ամենը որեւէ արժեք չունի: Այժմ շատ լավ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր հիասթափված, վիրավորված հեռանում են Հայաստանից: Սակայն լավ իմացեք, երկիրը երկիր է իր ժողովրդով: Առանց նրա, ոչ մի չինովնիկ եւ նույնիսկ նախագահ գոյություն ունենալու իմաստ անգամ չունի: Պարզապես զարմանում եմ, թե որ պահից սկսեցին այս աստիճան ագահ, դաժան եւ ստոր մարդիկ ծնվել մեր ազգում:
Ամեն առավոտ արթնանալուց մտածում եմ, թե երբ է այս ամենը վերջանալու, երբ ենք վերջապես մեր տունը գտնելու: Արդեն 5-րդ վարձով բնակարանն ենք փոխում:
Պարոն վարչապետ, Դուք այն ժամանակ Կենտրոնական Բանկի նախագահն էիք կարող եմ Ձեզ հարց տալ. ինչո՞ւ այդ ամենը եղավ, ինչու մենք մեր սեփական երկրում իշխանությունների մի գրչի հարվածով դարձանք անտուն-թշվառական: Չէ որ ինքներս սերվել ենք հպարտ, արդար եւ հայրենասեր նախնիներից: Ինքս նկարչուհի եմ, ունեցել եմ բազմաթիվ ցուցահանդեսներ եւ հանդիսանում եմ Նկարիչների Միության անդամ, ամուսինս` նկարչության դասախոս է, որի աշակերտները միջազգային մրցույթներում ամենաբարձր մրցանակներն են շահել: Այժմ երկուսս էլ թոշակառու ենք: Դուք կարծում եք, որ ճիշտ է ամբողջ կյանքը աշխատած եւ իր ջանքերն ու ամագը մեր երկրի համար վատնած 60- նն անց թոշակառուները օր ծերության այս բախտին էին արժանի: Դուք կցանկանայիք, նույնը լիներ Ձեր հարազատների հետ: Ես ամբողջությամբ հուսահատված եմ: Ատում եմ այն կյանքը, որով այժմ ապրում եմ: Սա գոյատեւել է եւ ոչ թե ապրել: Շուտով մարդահամար եւ ընտրություններ են անցկացվելու: Ով ենք մենք` գրանցում եւ գոյություն չունեցող էակներ, անպետք եւ անօգուտ իրեր այս երկրի համար: Շատ դժվար է նկատել, բայց ես ինձ զգում եմ գենոցիդից տուժված մարդ: Այլեւս ոչ մի հույս չի մնացել: Կրկնակի ցավալի է այն փաստը, որ դա իրականացրել է ոչ թե թուրքը, այլ հենց իմ ազգակիցը եւ հայրենակիցը: Այդ գիտակցությունը սարսափեցնում է ինձ:
Եթե մեր հարցը չի լուծվելու, ապա խնդրում եմ իմ եւ իմ ընտանիքի անունները նշել Գենոցիդի թանգարանում որպես տուժածներ:
Մեր հանդեպ նման անարդարացի վարմունքը նույնիսկ Սրբազանը չուզեց լսել: Անցել է արդեն 7 տարի: Մեր հարցը դեռ լուծված չէ: Հույս ունեմ, որ Դուք լավ ուսումնասիրելով այս գործը ընթացք կտաք եւ կվերականգնեք արդարությունը` լուծելով մեր բնակարանային հարցը: “Գլենդել Հիլզ” Փակ Բաժնետիրական Ընկերությունը խլեց մեզնից մեր ճակատագիրը եւ պատմությունը: Մենք արդեն կորցրել ենք շատ մեծ արժեքներ` հույս, հավատ, վստահություն:
Կից ներկայացնում եմ իմ 2 նկարների ֆոտոպատճեները, որոնք ծնվել են իմ հոգեվիճակից:
Համենայն դեպս ես վստահ եմ Ձեր ազնվությանը եւ արդարամտությանը: Ուստի հուսով եմ, որ հարցին կտաք արդարացի լուծում եւ կպատասխանեք իմ նամակին»:
Նամակը ստորագրել է Բուզանդի 11 բնակարանի նախկին բնակչուհի Սաթենիկ Դավթյանը, Հասցեն` Գր. Արծրունի 92, բն. 12:



























