«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Վերին Պտղնի գյուղին հարակից տարածքում անհայտ անձանց կողմից զգալի քանակությամբ ժայռաբեկորներ ձորը լցնելու հետեւանքով վթարվել է «Արզական-Երեւան» մայր ջրատարը եւ վայրկյանում 85-90 լիտր ջրի արտահոսք առաջացել:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է կառուցել 200 գծամետր երկարությամբ նոր խողովակաշար, որի համար, հաշվի առնելով բարդ տեղանքը, կպահանջվի մոտ 2 ամիս:

«Երեւան Ջուր» ընկերությունը հայցում է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի եւ հարակից տարածքների սպառողների ներողամտությունը վթարի հետեւանքով պատճառվող անհանգստության համար եւ հավաստիացնում, որ արվում է առավելագույնը մինչեւ խնդրի վերջնական կարգավորումը նրանց հնարավորինս բարվոք ջրամատակարարում ապահովելու նպատակով: