«Երկիր» օրաթերթի դեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կողմից ներկայացված հայցը զվարճալի է եւ չհիմնավորված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Հարություն Հարությունյանը:
Նա նշեց, «131 դեմք ու դիմակ» շարքում թերթի հունվարի 13-ի համարում տպագրված հոդվածը, որով, իբր, թերթն արատավորել է պատգամավորի բարի համբավը, ծաղկաքաղ է հայաստանյան եւ ռուսաստանյան մամուլի հրապարակումներից, որոնց միջոցով փորձել են ցույց տալ պատգամավորի դիմագիծը:
Հարություն Հարությունյանը հիշեցրեց, որ նշված հոդվածում մեջբերում կար նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքից, ով ասել էր թե` «էդ լակոտը մեր կոնյակի պատիվը գցում է Ռուսաստանում»: Հոդվածի հրապարակումից հետո պատգամավորը տեղեկանք էր ուղարկել Հրանտ Բագրատյանի ստորագրությամբ, որով վերջինս ժխտում է, թե ինքը նման հայտարարություն է արել: «Մենք այդ նամակը հրապարակել էինք եւ այդ մասով, կարծում եմ, առարկություններ չպետք է լինեին: Ինչ վերաբերում է հոդվածում առկա մեկ այլ` «ստիլյակ» բառին, որով բնորոշել էինք Արզաքանցյանին, ապա դատարանում կքննարկենք, թե ինչքանով է այդ բառը վիրավորական»,-ասաց «Երկիր»-ի խմբագիրը: Նա նաեւ հավելեց, թե տարօրինակն այն է, որ հայաստանյան օլիգարխները ցավագին չեն ընդունում ռուսական մամուլում իրենց մասին հրապարակումները, իսկ հայկական մամուլում տպագրված հոդվածները դառնում են դատական հայցերի առիթ: «Երեւի կան խորհրդատուներ, որոնք խորհուրդ են տալիս նման հայցերով դիմել այս կամ այն թերթի դեմ»,-եզրակացրեց Հարությունյանը:
Հարցին, թե հիմնավորվա՞ծ է 3 միլիոն դրամը, որը պատգամավորը պահանջում է որպես փոխհատուցում իր բարի համբավն արատավորելու համար, Հարությունյանն արձագանքեց. «Ես ընդհանրապես հիմնավորված չեմ համարում հայցադիմումը: Բայց շատ կուզեմ, որ դատարանն իրենց հայցադիմումին ընթացք տա եւ հաստատի, որ մենք արատավորել ենք իր բարի համբավն ու այդ բարի համբավն, ասենք, գնահատի 3 հազար դրամ: Տեսնենք ինքը բավարարված կլինի՞ դրանից, թե՝ ոչ»:
NEWS.am-ի թղթակիցը զրուցեց նաեւ դատարանում Տիգրան Արզաքանցյանի լիազոր ներկայացուցիչ Նիկոլայ Գասպարյանի հետ: Նա ասաց, որ հայցը հիմնավորված է եւ հայցի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում: Ինչ վերաբերում է բարի համբավն արատավորելու դիմաց որպես փոխհատուցում պահանջվող 3 միլիոն դրամին, ապա այն եւս Արզաքանցյանի լիազոր ներկայացուցիչը հիմնավորված համարեց: Նա ասաց, որ այն հաշվարկվել է «օրենքով սահմանված կարգով». 3 միլիոնի մասով հիմք է հանդիսացել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածի պրիմ 1-ը, իսկ 568 հազար դատական ծախսերի մասով «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 68 հոդվածը:
Հ. Գ. Նշենք, որ «Երկիր» օրաթերթին որոշել է դատի տալ նաեւ գրող Աբգար Ափինյանը եւ իր այդ մտադրության մասին հայտնել է «Իրավունք» թերթին։ «Երկիր»-ն իր փետրվարի 24-ի համարում գրել էր, թե «օրերս վարչապետի մոտ վերջապես ընդունելության է արժանացել մտավորական եւ գրական շրջանակներում ինտրիգներ սարքելու, տաղանդավոր մարդկանց վարկաբեկելու, գրողների միության, տարբեր ժամանակներում դրա նախագահների դեմ դավեր նյութելու մեջ վարպետացած Աբգար Ափինյանը» եւ «ինքնառաջադրվել մշակույթի փոխնախարարի» պաշտոնում։ Այս կապակցությամբ թերթի խմբագիրն ասաց. «Ափինյանը կարծում է՝ իր հանդեպ կեղծիք ու վիրավորանք ենք թույլ տվել։ Մինչդեռ ընդամենը մի քանի բնորոշումներով համեմված լուր էինք տպագրել առ այն, որ Աբգարը վերջերս հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եւ մշակույթի փոխնախարար դառնալու ցանկություն հայտնել։ Կյանքը հետաքրքիր է դառնում, բայց՝ տհաճ։ Չէ՞ որ կարեւոր է, թե ինչպիսի մարդու հետ ես գործ ունենում, ում հետ ես առնչվում, նույնիսկ` դատարանում»:




























