Հայաստանի նախկին քաղբանտարկյալները հայտարարություն են տարածել, որտեղ իրենց զորակցությունն են հայտնում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ նրա դեմ «սանձազերծված արշավում»:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մենք՝ նախկին քաղբանտարկյալներս, որ բանտերում ենք հայտնվել մեր քաղաքական գործունեության եւ քաղաքական հայացքների համար, կալանավայրերում գտնվելու ողջ ընթացքում զգացել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աջակցությունն ու հոգատարությունը: Նա եղել է այն սակավաթիվ պատգամավորներից մեկն, ով այցելել ու մշտապես աջակցել է մեզ:

Այսօր ՀՀ գործող իշխանությունները, միայն իրենց յուրահատուկ գործելաոճին հավատարիմ, այն է՝ ամեն կերպ ճնշել ու հետապնդել իրենց գծած սահմանների մեջ չտեղավորվող ցանկացած մեկին, Փոստանջյանի եղբորը կալանավորելու միջոցով փորձ են անում ճնշել ու լռեցնել Զարուհուն:

Մենք, դատապարտելով Զարուհի Փոստանջյանի դեմ սանձազերծված այս արշավը, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրան, վստահ լինելով, որ նա իրեն յուրահատուկ տոկունությամբ եւ իր բարեկամների աջակցությամբ, որոնց թվում մենք նաեւ մեզ ենք դասում, կհաղթահարի այս փորձությունը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բավարարել է  Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամսով կալանք ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչ Ա.Թեւանյանի միջնորդությունը: Նա մեղադրվում է 100 հազար դրամ կաշառք տալու մեջ: Այնինչ Տ. Փոստանջյանը հայտարարում է, որ ինքն այդ մասին իմացել է դատախազության կայքից եւ որ դա իր քրոջ քաղաքական գործունեությունը կասեցնելուն ուղղված հետապնդում է: