Հայաստանի իշխանությունների գործունեությունը հիմնված է մոնոպոլիաների եւ կեղծիքի վրա: Այդ մասին հայտարարել  է ՀԱԿ ներկայացուցիչ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ Հայ ազգային կոնգրեսը` ի դեմս  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ամեն ինչ անում է երկիրն այս ծանրագույն վիճակից դուրս բերելու համար:

Ըստ Բագրատյանի եթե այսօր Հայաստանում գազի գինը չի բարձրացրել, դա միայն ՀԱԿ-ի շնորհիվ է: «Մեր շնորհիվ է, որ մոնոպոլիաները չեն խեղդել, չեն քրքրել: Մենք հանուն ժողովրդի օգնում ենք իշխանությանը չլկտիանալ: Եթե մենք չլինեինք, էլեկտրաէներգիան 30-ից 50 դրամ էր դարձել»,- նշել է նա:

Նախկին վարչապետը խոստովանում է, որ իր արածի 70 տոկոսը սխալ է  եղել, սակայն «30 տոկոսը բարձր ցուցանիշ եմ համարում, մինչդեռ այս իշխանությունների մոտ մինուսային ցուցանիշ է»:

Հրանտ Բագրատյանը նկատել է նաեւ, որ Հայաստանում գնաճը զսպելու համար անհրաժեշտ է երեք քայլ` ապամենաշնորհացում, մեծածախ եւ մանրածախ վաճառքի գների տարբերության փոքրացում, եւ առեւտրի մոտ 70-80 տոկոսը մանր ու միջին խանութների միջոցով կատարելու իրողության ապահովում: Ըստ Բագրատյանի` Հայաստանի իշխանություններն այդ ուղղությամբ ոչ միայն որեւէ քայլ չեն կատարում, այլեւ ամրապնդում են մենատերերի դիրքերը:

Նախկին վարչապետը նկատել է, որ Հայաստանի երեք նախագահներից տնտեսությունից ամենավատը հասկանում է Սերժ Սարգսյանը, այլապես նա պարտավոր էր զբաղեցրած պաշտոնից ազատել Տիգրան Սարգսյանին, ով խոսում է միայն մենաշնորհներից ազատվելու անհրաժեշտության մասին, սակայն որեւէ գործուն քայլ չի կատարել:

«Իրենք ասում են, դե սաղ օրն աշխատում ենք, ձեզ ենք կերակրում, մեզ էլ համբալ են անվանում: Օգտվելով առիթից` համբալ բառը կուզենայի վերադարձնել Կարեն Կարապետյանին, Գոհար Քյալյանին, իր ամուսնուն` Սամվել Մայրապետյանին: Իրենց մոտ տպավորություն է, որ իրենք են մեզ կերակրում»,- ամփոփել է նախկին վարչապետը: