ՀՀԿ-ն հանդես է գալիս տարբեր միջազգային ատյաններում Ադրբեջանի քաղաքներում հայերի կոտորածների շուրջ ակտիվ քննարկումների օգտին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ անդամները միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ այդ հարցը բարձրացնում են: Պատգամավորը կարեւորել է Ադրբեջանում հայերի կոտորոծաների դատապարտումը միջազգային հանրության կողմից, որով կարելի կլինի կանխարգելել նամանատիպ դեպքերի կրկնությունը: Միաժամանակ Սահակյանը հարց բարձրացրեց, թե արդյոք դա բխո՞ւմ է ազդեցիկ տերությունների շահերից:

Անդրադառնալով «Ժառանգության» նախաձեռնությանը՝ ԱԺ կողմից հայտարարություն ընդունել, որով Սումգայիթում տեղի ունեցածը կորակվի որպես ցեղասպանություն, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ հայտարարության տեքստը նախ պետք է ներկայացվի եւ քննարկվի:

Նշենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային կոտորածներ են տեղի ունեցել։ Ադրբեջանցի հրոսակները էթնիկ հողի վրա սպանում էին հայ բնակիչներին, ոչնչացնում նրանց ունեցվածքը։ Դաժան տանջանքների էին ենթարկվել եւ սպանվել ավելի քան երեք հարյուր սումգայիթցի հայեր։ Հազարավոր մարդիկ փախստականներ էին դարձել։ Ադրբեջանական ոստիկանության անգործության ֆոնին հրոսակներին կարողացել էին զսպել ջարդերի երկրորդ օրը քաղաք մտած ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները։ Ներկայիս Ադրբեջանում ջարդերի մասին ընդունված է լռություն պահպանել։