Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշում է, որ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր կալանավորումը սարքած գործ է եւ նպատակ ունի խոչընդոտել Զ. Փոստանջյանի ակտիվ գործունեությանը:
«Օրերս Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում բավարարեց Տիգրան Փոստանջյանին կալանավորելու ԱԱԾ դիմումը: Տիգրան Փոստանջյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն է:
Դատելով մամուլում եղած հրապարակումներից, դատախազության եւ ԱԱԾ գործելաոճից, սա հերթական սարքվող մի գործ է, որը նպատակ ունի խոչընդոտել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի քաղաքական ու հասարակական ակտիվ գործունեությանը:
Զարուհի Փոստանջյանը ՀՀ ԱԺ այն բացառիկ պատգամավորներից մեկն է, ով քաղբանտարկյալներին աջակցելու, իրավական օգնություն ցուցաբերելու եւ պաշտպանելու նպատակով մշտապես կալանավայրեր է այցելել ու այցելում:
Հատուկ ուշադրության է արժանի սոցիալական տարբեր շերտերի իրավունքների պաշտպանության եւ եվրոկառույցներում ծավալած նրա գործունեությունը:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն իր գործունեության ընթացքում հաճախ է ակնկալել ու ստացել նրա աջակցությունը: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Զարուհի Փոստանջյանին եւ հանրությանը կոչ ենք անում շատ ավելի ակտիվ պայքարել սեփական իրավունքների համար: Մեր երկրում այս եւ այլ կարգի քաղաքական հետապնդումներին կարող է վերջ դնել միայն այս ռեժիմի դեմ հասարակության համախմբված ու շարունակական պայքարը»,- ասված է կմիտեի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարություն էին տարածել նաեւ նախկին քաղբանտարկյալները:


























