Արաբական լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները մարտի 2-ին հերթական հանդիպումն են անցկացնելու կազմակերպության  Կահիրեում գտնվող շտաբում: Սպասվում է, որ հանդիպման հիմնական թեման լինելու է Լիբիայում առկա իրավիճակը:

Հանդիպման օրակարգում նախազգուշական որոշումն է` այդ երկիր օտարերկրյա զինուժի ներթափանցման վերաբերյալ: Բացի այդ, ինչպես սպասվում է, նախարարները կքննարկեն Թունիսում եւ Եգիպտոսում ժողովրդական հուզումների հետեւանքները, որոնք բերել են  այդ երկրների ղեկավարների հեռացման: Մյուս կարեւոր թեման լինելու է Արաբական լիգայի անդամ երկրների  գագաթաժողովը, որը տեղի է ունենալու մարտի 29-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում:

Լիբիայում փետրվարի կեսերից շարունակվում են բախումները ցուցարարների եւ բանակի ու զինուժի ներկայացուցիչների միջեւ: Լիբիայի նախագահ Քադաֆին հայտարարել է, թե «կմեռնի միայն այդ հողի վրա»: Մարտի 1-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը պատրաստ է հարված հասցնել բարձրակարգ զենքի միջոցով` կիրառելով ավիացիա եւ ավիակիր Enterprise: Օտարերկրյա պետությունները իրականացնում են զանգվածային  էվակուացիա` իրենց քաղաքացիներին տարհանելով Լիբիայից: Լիբիայից տարհանվել են ՀՀ 4 քաղաքացիներ: