Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցը մտադիր է հետաքննություն անցկացնել, որպեսզի Մուամար Քադաֆիի որդու դոկտորական թեզում գրագողություն (պլագիատ) հայտնաբերի:
Ինչպես հաղորդում է BBC-ն, դպրոցի ղեկավարությունը բողոք է ստացել, որի համաձայն Սաիֆ ալ Իսլամը ինքնուրույն չի գրել իր դոկտորական թեզը:
Բացի այդ, թեզի որոշ հատվածներ ամբողջությամբ վերցված են այլ աշխատանքներից եւ հղումներն արված չեն: Լիբիայի ղեկավարի որդին Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում սովորել է 2003-2008 թվականներին:
Դպրոցի տնօրենն արդեն հայտարարել է, որ իրեն «անհարմար» է զգում, որ Քադաֆիի ընտանիքը մասնակցել է դպրոցի ֆինանսավորման գործին:
Նշենք, որ նմանատիպ սկանդալ է տեղի ունեցել Գերմանիայում, որն ավարտվել է այդ երկրի պաշտպանության նախարար Կարլ Թեոդոր Ցու Գուտենբերգի հրաժարականով: Երբ Գուտենբերգին մեղադրել են իր գիտական թեզը գրելիս պլագիատի մեջ, նա չի դիմացել իշխող կոալիցիայի, ընդդիմության ու գիտական հասարակայնության կողմից առկա ճնշմանն ոը հրաժարական է տվել:




























