Երեւանյան «Նեմո» դելֆինարիումի 4 դելֆինները եւ 2 ծովափոկերը իրենց արտակարգ լավ են զգում, լուրերը, թե ջրավազանի քլորի չափաբաժինը վնասում է նրանց առողջությանը՝ ազդելով հատկապես կենդանիների տեսողության վրա, իրականությանը չի համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը։

Նրա խոսքով, կենդանիներն իրենց վատ չեն կարող զգալ այն պարզ պատճառով, որ նրանցով Ուկրաինայից ժամանած փորձառու մասնագետներ են զբաղվում։ «Այնպես որ, ջրավազանի ջրի եւ կենդանիների որպիսության մասին չարժե անհանգստանալ»,-հավաստիացրեց դելֆինարիումի տնօրենը։

Հարցին, թե օրվա կտրվածքով որքա՞ն գումար է պահանջվում կենդանիներից յուրաքանչյուրի խնամքը կազմակերպելու համար (սննդի, անհրաժեշտ դեղամիջոցների եւ այլնի համար), Լիլիթ Սահակյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ դելֆիններից յուրաքանչյուրին կերակրելու համար օրական 15 կիլոգրամ օվկիանոսային ձուկ է պահանջվում։ «Ընդ որում, անպայման օվկիանոսային, քանի որ Սեւանի ձկնատեսակներով դելֆիններին չի կարելի կերակրել»,- շեշտեց նա։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե քանի տարեկան են երեւանյան դելֆինարիումի դելֆինները եւ առհասարակ, մինչեւ քանի տարեկանը կարող են ծովային այդ կենդանիները մասնակցել շոու-ծրագրերին։ «Մեր դելֆինները՝ Վաչիկն ու Մաշան, Հրաչիկն ու Դաշան, 4 եւ 5 տարեկան են։ Դելֆիններն առհասարակ զվարճալի ծրագրերում կարող են ներգրաված լինել մինչեւ իրենց կյանքի վերջին  տարիները»,- վստահեցրեց նա։

Հարցին, թե  նորմայի սահմաններո՞ւմ է արդյոք կենդանիներին օրական երեք անգամ ներկայացումների մեջ ներգրավելը, Սահակյանը դրական պատասխան տվեց, նշելով, որ ինքն ինտերնետից տեղեկացել է, որ դելֆինները կարող են աշխատել մինչեւ անգամ օրական  4-5 շոու-ծրագրերում։

Նշենք, որ Երեւանյան «Նեմո» դելֆինարիումը գործում է արդեն մի քանի ամիս։ Դրա բացմանն ի սկզբանե դեմ էին հատկապես բնապահպանները եւ կենդանասերները, ովքեր պնդում էին, որ դելֆիններն ու ծովափոկերը չեն կարող ապրել հայաստանյան բնակլիմայական պայմաններում: Նրանք նաեւ նշում էին, որ Կոմիտասի այգում դելֆինարիումի կառուցումը կարող է հանգեցնել լայնամասշտաբ ծառահատումների։