Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆին եւ արաբական երկրների Լիգիայի (ЛАГ) գլխավոր քարտուղար  Ամր Մուսան, համաձայնել են իրականացնել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի՝ Լիբիայում բախումները խաղաղ կարգավորելու նախագիծը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաընկերությանը։ Սակայն  այս ամենի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չկա։

Հեռուստաալիքի փոխանցմամբ, Չավեսը հեռախոսազրույց է ունեցել  Քադաֆիի եւ   Մուսայի  հետ եւ ստացել Վենեսուելայի նախագծի իրականացման համաձայնությունը։ Այս ծրագրի շրջանակներում հարկավոր  է Լիբիա ուղարկել փաստահավաք խումբ, որի կազմում կլինեն, ներկայացուցիչներ  Լատինական Ամերիկայից, եվրոպայից եւ այլ երկրներից։ Նրանց խնդիրն է լինելու բանակցություններ վարել երկու կողմերի հետ, երկրում ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար, նաեւ արգելել երկիր բերել արտասահմանյան զինուժ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լիբիայում զանգվածային հուզումներն սկսվել են փետրվարի 15-ից: Ցուցարարները պահանջում են նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականը, ով ղեկավարում է երկիրը 42 տարի: Քադաֆին ցուցարարների դեմ է հանել օդուժն ու բանակը, որի հետեւանքով զոհերի թիվն անցնում է հազարից: Սեփական ժողովրդի դեմ օգտագործվել են օտարերկրյա վարձկաններ:

Փետրվարի 28-ին Եվրամիությունը պաշտոնապես սանկցիա է կիրառել Լիբիայի նկատմամբ: Դրանով ծրագրվում է արգելել Լիբիա զենք-զինամթերք մատակարարումը, որը կարող է օգտագործվել բողոքի ալիքը զսպելու համար: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, կսառեցվեն Լիբիայի նախագահ Մ. Քադաֆիի ու նրա հարազատների բանկային հաշիվները:

Մարտի 1-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է  հրթիռային հարվածներ հասցնել Լիբիայի տարածքում գտնվող` Քադաֆիի հսկողության տակ եղած զինված ուժերին: