Իրավապաշտպանները մեղադրել են ԱՄՆ-ին  Գուանտանամոյի դատապարտյալներին բժշկական փորձարկումների ենթարկելու մեջ: Դրա վկայությունն է Կուբայի ամերիկյան ճամբարի նախկին կալանավոր 28-ամյա Մուրադ Կուրնացը: Թուրքական ծագմամբ գերմանացին առաջին անգամ է հայտնում ամերիկացի բժիշկների փորձերի մասին, գրում է գերմանական «Բերլիներ Ցայթունգը»:

Կուրնացը վերհիշել է, թե «ինչ ահավոր էր» իրեն զգում հերթական ներարկումից հետո, ընդհուպ նրա մոտ սկսվել է «տեւական փսխում»:

Գերմանական պարբերականը գրում է, որ թուրքի պատմածները համընկնում են ժամանակ առաջ հրապարակված երկու հետազոտությունների արդյունքերի հետ, որոնք միմյանցից անկախ անցկացրել են ամերիկյան փաստաբաններն ու ամերիկյան  Truthout իրավապաշտպան կազմակերպությունը: Դրանցից հետեւում է, որ Գուանտանամոյի կալանավորների նկատմամբ բժշկական փորձարկումները տեւել են տարիներ, եւ հնարավոր է, որ դրանք շարունակվում են նաեւ այսօր: «Իրենց կամքին հակառակ եւ  առանց անհրաժեշտության» դատապարտյալները ստիպված են եղել ընդունել մեծ չափաբաժիններով դեղամիջոցներ: Հիմք կա ենթադրելու, որ «դատապարտյալներին օգտագործել են նոր դեղամիջոցների փորձարկման նպատակով»:   

Հիշեցնենք, որ Գուանտանամոյի բանտը ստեղծվել է որպես ճամբար` ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվող  դատապարտյալների համար: 2002 թվականից դրանում, մասնավորապես, պահվում են Աֆղանստանում եւ Իրաքում ամերիկացիների կողմից գերի վերցված «Ալ-Քաիդայի» գրոհայինները,  «Թալիբան» շարժման անդամները, ինչպես նաեւ նրանք, ովքեր մեղադրվում են ահաբեկչություն կատարելու հանցակցության մեջ: Ներկայումս բանտում պահվում է շուրջ 170 մարդ: