Ռուսաստանը պատրաստ է քննարկել հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) շուրջ ամերիկյան առաջարկները՝ այդ ոլորտում համատեղ պայմանավորվածությունների հանգելու նպատակով։ Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում։

«Մենք դիտարկում ենք որոշումը (ՀՀՊ-ի շուրջ ԱՄՆ վարչակազմի) որպես ճիշտ ուղղությամբ կատարված կառուցողական քայլ, որը արժանիորեն դրական արձագանքներ է ստացել միջազգային հանրության կողմից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ նշելով ԱՄՆ առաջարկները մանրազնին քննարկելու Ռուսաստանի պատրաստակամությունը, «ինչպես նաեւ այդ ոլորտում համագործակցության շուրջ մեր սեփական նախաձեռնությունները՝ ընդունելի ընդհանուր պայմանավորվածությունների հանգելու նպատակով»։

Ընդ որում, Մեդվեդեւը կոչ է արել զինաթափման շուրջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ջանքերին միանալ նաեւ միջուկային այլ տերությունների՝ չսպասելով այդ հարցում Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ առաջընթացին։ Գերարդիական խնդիրը, ըստ Ռուսաստանի նախագահի, Մերձավոր Արեւելքում զանգվածային ոչնչացման բոլոր տեսակի զենքերից զերծ գոտու ստեղծումն է։