Անկարայում նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն այցելել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կենտրոնակայան։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  ԱՄՆ դեսպանին դիմավորել է կուսակցության փոխնախագահ  Օմեր Չելիքը։  1 ժամ 15 րոպե տեւած հանդիպումից հետո ԱՄՆ դեսպանը լրագրողներին հայտնել է, թե ինքը քաղաքավարական այց է կատարել, իսկ հանդիպման ժամանակ պատմել է ամերիկյան քաղաքականությունից։

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է դեսպանը մեկնաբանում թուրք լրագրողների զանգվածային ձերբակալությունների ֆոնին մամուլի ազատության խնդիրը Թուրքիայում, Ռիկարդոնեն չի պատասխանել եւ հեռացել է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն խոսել է Թուրքիայում խոսքի ազատության մասին եւ ասել. «Մենք չենք հասկանում Թուրքիայում տեղի ունեցողը: Մենք ուշադիր հետեւում ենք այդ գործընթացին: Մի կողմից լրագրողներ են ձերբակալվում, մյուս կողմից՝ խոսվում է խոսքի ազատության մասին: Անկախ մամուլը եւ խոսքի ազատությունը հսկայական նշանակություն ունեն Թուրքիայի համար»:

Ավելի ուշ Անկարայում ԱՄՆ նորանշանակ դեսպանը փորձել է ուղղում մտցնել իր արած հայտարարության մեջ՝ նշելով, թե հիշյալ հայտարարությունը չի արել կոնկրետ երեւույթի վերաբերյալ։ «Մենք փորձում ենք հասկանալ, թե այստեղ ինչ է կատարվում։ Մենք չենք հասկանում, քանի որ օտարերկրացի ենք։ Թուրքիան կարեւոր երկիր է։ Մենք ցանկանում ենք, որ դուք օգնեք մեզ՝ Թուրքիայում տեղի ունեցածը ճիշտ հասկանալու համար»,-ասել է դեսպանը՝ նշելով, թե իրենք հասկանում են, որ Թուրքիան իրավական երկիր է։