Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին ղաաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ զինվոր սպանելը մի տեսակ ավանդույթ է դառնում, սակայն երեւույթն արժանի գնահատական չի ստանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ֆոնին այս հանդիպումն առանձնապես արդյունավետ չի կարող լինել։ «Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ բանակցություններն այս ձեւաչափով այնքան էլ արդյունավետ չեն եւ գտնվում են փակուղում։ Բացի այդ, միշտ առկա է պատերազմի հավանականությունը»,- նշեց Հակոբյանը:

Ամփոփելով՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը վերահաստատեց, որ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից ինքը որեւէ ակնկալիք չունի, քանի որ այն հերթական, կողմերին՝ մանավանդ Ադրբեջանին չբավարարող հանդիպում է լինելու:

Նշենք, որ Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումը Սոչիում  տեղի կունենա մարտի 5-ին: