Միամիտ կլինի շատ մեծ արդյունքների սպասել մարտի 5-ին կայանալիք Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ Ստեփան Գրիգորյանը:
«Նախ, այս հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում չէ, եւ հետո՝ հակամարտող կողմերի միջեւ անվստահության մակարդակը շատ մեծ է։ Դրան զուգահեռ՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անընդհատ զինվորներ են սպանվում»,- նշեց փորձագետը՝ միաժամանակ կրկին նշելով, որ հանդիպումից մեծ սպասելիքներ ունենալ ուղղակի անիմաստ է։
Գրիգորանի խոսքով, կողմերին հնարավորություն է ընձեռված այս հանդիպման ընթացքում քայլեր ձեռնարկել վստահության մթնոլորտի մեծացման եւ լարվածության թուլացման ուղղությամբ։ «Հանդիպման ընթացքում հենց այսպիսի խնդիրներ էլ կքննարկվեն ՝ դիպուկահարների հեռացում առաջին գծից, ռազմագերիների փոխանակման եւ զոհված զինվորականների մարմինների վերադարձ եւ այլն։ Այնպես, որ սպասել ավելի մեծ, քաղաքական որոշումների, սխալ կլինի»,- ամփոփեց Գրիգորյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի։ Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Հանդիպումը կկայանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։
Նշենք, որ սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։




























