Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ արգելել է Հայ ազգային կոնգրեսին հանրահավք անցկացնել Ազատության հրապարակում՝ մարտի 17-ին:

ՀՀՇ-ի վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը  մարտի 2-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` մարտի 17-ին ժամը 16.00-23.00-ն (մոտավոր) Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին:

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի մարտի 4-ի որոշմամբ, արգելվել է Ազատության  հրապարակում հանրահավաքի անցկացումը` հետեւյալ հիմնավորմամբ. մարտի 15-ից Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի փետրվարի 23-ի եւ մարտի 2-ի որոշումներով ընդունվել են ի գիտություն։

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի նույն որոշմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի  հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին, իսկ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա երթուղով երթի անցկացումն  ընդունվել է ի գիտություն: