Հայաստանը խորհրդարան ունի, որն ընտրությունների միջոցով արժանացել է հասարակության վստահությանը, ինչպես նաեւ կառավարություն, որը նույնպես վայելում է ժողովրդի վստահությունը: Ապրիլի 2-ին Երեւանում ընթացող «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների համակարգային լուծումներ» թեմայով բանավեճի ժամանակ այս մասին ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը:
Սակայն, նրա խոսքով, երկրում գործող դատական համակարգը, նախկինի պես հանրության վստահությունը չի վայելում:
«Սա փաստ է: Եվ այն մեխանիզմները, որոնք կիրառվում են օրենսդիր եւ գործադիր իշխանության դեպքում, դատական համակարգում կիրառելի չեն»,- պարզաբանեց Սաքունցը: Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանում դատական համակարգի էությունը եւ բովանդակությունը չեն փոխվել, քանի որ կոռուպցիոն երեւույթները շարունակում են տեղ գտնել, չնայած դրա դեմ համատարած պայքարին:




























