«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Արծրունի Աղաջանյանն առաջիկա 15 օրերի ընթացքում վայր կդնի իր մանդատը: Այդ մասին Աղաջանյանը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով, ինքն արդեն երկար ժամանակ զբաղվում է օրենսդրական աշխատանքով, եւ այդ ոլորտում արել այն ամենն, ինչ կարողացել է:

«Այժմ ցանկանում եմ ուժերս փորձել այլ ոլորտում»,- հայտարարել  Աղաջանյանը` չմանրամասնելով, թե որ ոլորտում: «Սպասեք եւս 15 օր եւ կիմանաք»,- խորհուրդ է տվել պատգամավորը: Ընդ որում, նա հայտարարել է, թե տեղյակ չէ, թե ով է փոխարինելու իրեն խորհրդարանում` ՕԵԿ համամասնական ընտրացուցակով: «Այդ հարցը կուսակցությունում դեռ չի քննարկվել»,- նշել է նա:

Շրջանառվող լուրերի համաձայն` Աղաջանյանն աշխատանքի է անցնելու գործադիր իշխանությունում: