Բարձրաստիճան հյուսիսկորեացի պաշտոնյան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին մեղադրել է «հիմար եւ վտանգավոր գաղափարներ» հղանալու մեջ եւ Վաշինգտոնին զգուշացրել է «անցանկալի արդյունքի» մասին, եթե նա չկարգավորի իր դիրքորոշումը տնտեսական պատժամիջոցների հանդեպ՝ հայտնում է AFP-ը։

Փետրվարին Կիմ Չեն Ընի եւ Դոնալդ Թրամփի միջեւ գագաթաժողովի տապալումից հետո Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ լարվածությունն աճել է։ Փհենյանը մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է քննադատում Պոմպեոյին։ Ավելի վաղ կորեացիները պահանջել էին նրան հեռացնել բանակցություններից։

CBS-ին տված հարցազրույցում Պոմպեոն անցյալ շաբաթ հայտարարել էր, թե ԱՄՆ-ը կարող է «փոխել ուղին», եթե Չեն Ընը Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցից հրաժարվելու «իրական բանակցություններ» չվարի։

ԿԺԴՀ ԱԳ փոխնախարար Չխվե Սոն Խուեյը նշել է, որ Պոմպեոյի մեկնաբանությունները  «հիմար եւ վտանգավոր գաղափարներ են, որոնք նշանակում են ռազմական միջոցներով մեր համակարգի տապալում»։