168.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 30-ի գիշերը մայիսի լույս 1-ին գործարար Սամվել Ալեքսանյանին Աթենքի օդակայանում թույլ չեն տվել սահմանային անցակետը հատել:

Կայքը փորձել է կապ հաստատել Սամվել Ալեքսանյանի հետ՝ տեղեկատվությունը ստուգելու և պատճառների մասին իմանալու համար, սակայն զանգերն անպատասխան են մնացել։

Գործարարի օգնականն ասել է, որ Սամվել Ալեքսանյանն արտասահմանում է, կվերադառնա մեկ շաբաթից, և ինքն էլ կպատասխանի բոլոր հարցերին:

Նշենք, որ ապրիլի 30–ին ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում: Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով՝ հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առեւանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առեւանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առեւանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։