Երբ ԱԱԾ–ն հերքման պահանջ է ուղարկում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին Վանեցյանի մասին ֆեյսբուքում գրառման համար, մենք հստակ տեսնում ենք թե՛ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի խախտում, թե՛ վարչական ռեսուրսի չարաշահում։ Այս մասին այսօր՝ մայիսի 2–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ հիմա իրենց իրավախորհրդատուները քննարկում են, թե որքանով է այդ վարչական ռեսուրսի չարաշահումը հանդիսանում պաշտոնական դիրքի չարաշահում։

«Եթե գանք այն եզրահանգման, որ այնտեղ կա հանցակազմ, մենք Հատուկ քննչական ծառայությանը կխնդրենք գործ հարուցել ԱԱԾ այդ աշխատակիցների, եւ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանի դեմ, բայց դա դեռեւս իրավաբանների քննարկման հարց է»,– ասել է Իոաննիսյանը։

Նա անդրադարձավ նաեւ Վանեցյանի դիտարկմանը, թե արհեստական աղմուկ է բարձրացվել ԱԱԾ–ի մասին՝ ասելով, որ արհեստական ասված աղմուկը շատ արհեստական է։

«Երեւի մենք ենք՝ ԱԱԾ–ին քննադատողներս, որ Ռուսաստանի սանկցիոն ցուցակում հայտնված պատգամավորին փորձել ենք չթողնել մուտք գործել Հայաստան։ Երեւի մենք դա հորինել ենք, որ արհեստական աղմուկ ստեղծենք։ ԱԱԾ–ի նախորդ գիշերը արածից մինչեւ հիմա Արտաքին գործերի նախարարությունը ջուրը բերանը լցրած չգիտի ինչ անի, որովհետև չգիտի՝ ոնց արձագանքի մի իրավիճակի, որտեղ հստակ Հայաստանի պետականությունը խայտառակված է։ Մեդվեդեւի հրամանները Հայաստանու՞մ էլ է պարտադիր արդեն, ԱԱԾ–ն Մեդվեդեւի հրամաննե՞րն է իրականացնո՞ւմ»,– նշել է Իոաննիսյանը։

Նա անդրադարձավ նաեւ կոռուպցիոն բացահայտումներին, ասելով, որ դրանք ոչ թե ԱԱԾ–ի,  այլ ՀՔԾ–ի պարտականություններն են։

«Կապված այսօրվա հայտարարության հետ, որ ԱԱԾ–ում կոռուպցիոն բացահայտումներ են եղել. այդ բացահայտումները ՀՔԾ–ն պետք է վարի, ոչ թե ԱԱԾ–ն, և ՀՔԾ–ն պետք է որոշի, որոնք են գաղտնի, որոնք գաղտնի չեն եւ ոչ թե ԱԱԾ–ն կամ Արթուր Վանեցյանը։ Այստեղ նորից ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ Արթուր Վանեցյանը փորձում է իր վրա վերցնել այլ մարմնի ֆունկցիաներ»,– ասել է Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը նամակ է ուղարկել «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին՝ պահանջելով հերքել իր ֆեյսբուքյան գրառումը Արթուր Վանեցյանի՝ ծաղիկների բիզնես ունենալու եւ վառելանյութ ներկրելու մասին: