Բացարձակ սուտ է, որեւէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը այն լուրերին, թե ինքը հավակնում է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնին։

«Նման հարց չի քննարկվում եւ չի կարող քննարկվել։ Նման քննարկման որեւէ հիմք չկա»,–նշեց նա։

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ ինքը շարունակելու է պաշտոնավարել որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Նա պնդեց, որ մամուլում բազմաբովանդակ տեղեկություններ են պտտվում, որոնք հիմնականում ուղղորդված են․ «Կոնկրետ լրատվամիջոցներ կոնկրետ պատվեր են կատարում, սա հստակ է։ Չեմ կարող ասել՝ որտեղից է ուղղորդվում, բայց հստակ ձեռագիրը երեւում է»։

Նա նաեւ հերքեց մամուլի այն տեղեկությունները, որ ինքն է միջնորդել, որ ՊՎԾ պետի ժ/պ Արգիշտի Քյարմյանին նշանակեն ՊՎԾ պետի պաշտոնակատար, Աղաջանյանի խոսքով՝ մինչեւ վերջերս ընդհանրապես չի էլ ճանաչել նրան։

Ըստ Աղաջանյանի՝ իրականությանը չեն համապատասխանում նաեւ տեղեկությունները, թե իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարված են.

«Կարծում եմ՝ պետք է մեխանիզմներ մշակվեն, որպեսզի այդ տեղեկատվական տարափը որեւէ կերպ ֆիլտրվի, քանի որ միայն այն հանգամանքը, որ նման ֆոն է ստեղծվում, զրոյից ստեղծված օրակարգ է հրամցվում հանրությանը, արդեն խնդիր է։ Ես ոչ ներգրավված եմ ՊՎԾ–ում նշանակումների գործընթացում, ոչ հավակնում եմ ՊՎԾ պետի պաշտոնին, ոչ վարչապետի հետ իմ հարաբերությունները լարված են, դրանք բացարձակ սուտ են»,- հավելեց Աղաջանյանը։