Մայիսի 1-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային ճաշ ունեցավ ՄԹ Համայնքների պալատի անդամ, հայ-բրիտանական պառլամենտական խմբի նախագահ Սթիվեն Փաունդի հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-բրիտանական հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները:
Դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, արտաքին քաղաքական օրակարգի, տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ, մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը:
Արման Կիրակոսյանը տեղեկացրեց Սթիվեն Փաունդին ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի կազմի ձեւավորման մասին: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան բարեկամական խմբի գործունեությանը՝ ընդգծելով փոխադարձ այցերի եւ այս հարթակում աշխատանքներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:
Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ արդի տարբեր միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Քննարկվեցին նաեւ տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։




























