Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական կազմակերպությունները`Հայաստանի Երիտասարդական Միությունը եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը մարտի 16-ին բողոքի երթ են անելու դեպի Ռուսաստան դեսպանատուն` բողոքելու Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մոսկվա կատարելիք այցի դեմ: Էրդողանի այցը Մոսկվա նվիրված է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամության պայմանագրի 90-ամյակին:
Երթը սկիզբ է առնելու Ստեփան Շահումյանի հրապարակից եւ շարժվելու է դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն:
Հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-78 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը եւ Բաթումի մարզի հարավային մասը, իսկ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը: 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով հաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից:





























