Ապրիլի 8-ին ոստիկանություն էր զանգահարել 78-ամյա մի կին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 15.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով, իր բնակարանից գողացել են «Այֆոն 4», «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոսներ եւ 500 դոլար:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իսկ մայիսի 2-ին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել են բացել Բաղրամյան պողոտայում տեղադրված վճարային տերմինալի կողային հատվածը, սակայն միացել է ձայնային ազդանշանը, եւ տեսնելով իրեն՝ անծանոթ անձինք դիմել են փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցրած:

Մայիսի 5-ին Արաբկիրի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունն ու գողության փորձը կատարել են մայրաքաղաքի բնակիչներ 26-ամյա Աղվան Գ.-ն եւ 30-ամյա Արամ Բ.-ն:

Երկուսն էլ կալանավորվել են:

Ձեռնարկվում են միջոցառումներ առաջին դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: