Չյապաս նահանգի Ալդամա քաղաքի ղեկավար Իգնասիո Պերես Խիրոնը դարձել է անհայտ հանցագործների զոհը։ Քաղաքական գործչի մարմինը, որը մայիսի 4-ից համարվում էր անհայտ կորած, գտնվել է երկուշաբթի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով MVS Noticias-ին։
Այս տեղեկատվության պաշտոնական հավաստումը շրջանի իշխանությունների կողմից առայժմ չի ստացվել։ Խիրոնի հետ հաշվեհարդարի հավանական դրդապատճառը չի հրապարակվել։
Մեքսիկայուն վերջին մի քանի տարիներին բռնության ալիքն անասելի չափերի է հասել։ Անցած տարի երկրում սպանվել է ավելի քան 33,3 հազար մարդ, ընթացիկ տարում իրավիճակը շարունակում է վատանալ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ հունվար-մարտին հանցագործների զոհ է դարձել ավելի քան 8,73 հազար մարդ, 9 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում։
Ապրիլի սկզբին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը խոստովանել է հանցավորության դեմ պայքարի դժվարության մասին եւ տեղեկացրել, որ իշխանությունները ստիպված են ավելի շատ ժամանակ ծախսել, քան ենթադրում էին, որպեսզի բարձրացնեն անվտանգության մակարդակը երկրում։




























