Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը մայիսի 9-ին ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախաշեմին, որի ժամանակ քննարկվելու են առաջիկա «հնգամյակի» առաջնահերթությունները, կոչ է արել ավելի «հավակնոտ» գործել, քան նախկինում երբեւէ, մեծացնելով ԵՄ գլոբալ դերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չորեքշաբթի Ռումինիայում տեղի են ունենալու 27 երկրի ձեւաչափով ոչ պաշտոնական բանակցություններ, որի արդյունքներով առաջնորդները պետք է համաձայնեցնեն մինչեւ 2024 թվականը ապագա ռազմավարական օրակարգի «սեւագիրը»:
«Երբ պաշտոնը ստանձնում էի, ես ասացի, որ սա մեր վերջին հնարավորությունն է եվրոպացիներին ցույց տալու, որ միությունն աշխատում է իրենց համար: Վերջին 5 տարիներին ես անդուլ աշխատել եմ մեր տված խոստումների կատարման վրա: Ես կարծում եմ, որ որոշ ասպարեզներում մենք սպասումները գերազանցել ենք, իսկ մյուսներում, հնարավոր է, չենք արդարացրել: Բայց կարծում եմ, որ միշտ գործել ենք այնտեղ, որտեղ ամենից կարեւոր էր»,- Բրյուսելում լրագրողներին ասել է նա:
Նրա խոսքով՝ «ԵՄ-ն հիմա պետք է առաջ նայի՝ դասեր քաղելով փորձից եւ հենվելով իր հաջողությունների վրա»: «Մենք պետք է լինենք էլ ավելի հավակնոտ եւ նպատակասլաց, քան նախկինում երբեւէ»,- հայտարարել է նա՝ կոչ անելով նաեւ համաշխարհային գործերում «ԵՄ-ի որպես պատասխանատու խաղացողի գլոբալ դերը մեծացնել»:
ԵՄ ընթացիկ ռազմավարական օրակարգը համաձայնեցվել էր 2014 թվականի հունիսին՝ Յունկերի 10 քաղաքական առաջնահերթությունների հիման վրա:
Հանդիպման նախաշեմին ԵՀ-ն «ավելի ու ավելի բազմաբեւեռ ու անորոշ աշխարհում» մինչեւ 2024 թվականը Եվոպայի զարգացման համար մի շարք քաղաքական հրահանգներ է մտցրել:





























