ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռնարկությունները ընդհանուր ավելի քան 1 մլրդ դոլարի կորուստ են ունեցել, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով պաշտոնական հարկային տեղեկանքները:

Պարբերականը հայտնել է, որ Թրամփը 250 մլն դոլարը գերազանցող վնասների մասին հայտարարել է 1990 եւ 1991 թվականներին: «Թրամփն այնքան փող է կորցրել, որ 10-ից 8 տարում կարողացել է խուսափել եկամտահարկի վճարումից»,- նշում է Times-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփի հիմնական բիզնեսը, ներառյալ խաղատները, հյուրանոցները եւ բնակելի շենքերը, 10 տարում կորցրել է 1,17 մլրդ դոլար:

The Times-ը մեջբերում է կատարում նախագահի փաստաբան Չարլզ Հարդերի խոսքից, որն ասում է, որ հարկային տեղեկատվությունը «չափից ավելի ոչ ստույգ է եղել»:

2016 թվականին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Թրամփն իր բիզնեսի կառավարումը փոխանցել է որդիներին:

Նա հրաժարվել է իր հարկային հայտարարագրերը հրապարակել 2016 թվականին որպես նախագահի թեկնածու կամ ընտրվելուց հետո՝ հայտարարելով, թե չի կարողացել դա անել, քանի որ ստուգումներ էին ընթանում:

Շաբաթվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը մերժել էր Ներկայացուցիչների պալատի ճանապարհների եւ միջոցների հարցերով կոմիտեի նախագահի խնդրանքը Թրամփի հարկային հայտարարագրերի տրամադրման մասին:

Դեմոկրատները ցանկանում են Թրամփի հարկային տվյալները ներառել շահերի հնարավոր բախման վերաբերյալ իրենց հետաքննության մեջ: