NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր՝ մայիսի 30-ին տեղի ունեցած դեպքի մասին։

Մեր տեղեկություններով՝ տուժածներից մեկը մանկահասակ երեխա է, մեկը՝ հղի կին, երկուսը տարեց տղամարդ ու կին։

Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ունեցած վեճի պատճառով պայթուցիկ է նետել նախկին կնոջ տան վրա և դիմել փախուստի։ Կասկածյալի ինքնությունը հայտնի է, իրավապահները որոնում են նրան։

Հիշեցնենք, որ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաբեկորային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 4 քաղաքացի։

Ի դեպ՝ հիշյալ քաղաքացիներին բեկորային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները։

«Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը NEWS.am–ին հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված մանկահասակ երեխային տեղում բուժօգնություն են ցուցաբերել և դուրս գրել, հղի կինն այս պահին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն է։

Մուրադյանը տեղեկացրեց, որ ծայրահեղ ծանր է հիվանդանոց տեղափոխված տարիքով կնոջ և տղամարդու վիճակը, որոնց այժմ վիրահատում են։

Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարը՝ https://shamshyan.com