Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բուզուլին եւ Կոնգրեսի քարտուղարության միջազգային համագործակցության ծրագրերի վարչության պետ Դմիտրի Մարչենկովին:
Ողջունելով գործընկերներին Արդարադատության նախարարությունում՝ փոխնախարարը բարձր է գնահատել «Հայաստանի համայնքների միության ինստիտուցոինալ կարողությունների ամրապնդման եւ Հայաստանում թափանցիկ ու մասնակցային տեղական ինքնակառավարման խթանման» ծրագրի շրջանակում ներդրված ջանքերը: Տիգրան Խաչիկյանը, ներկայացնելով Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությամբ կատարված աշխատանքները, անդրադարձել է նախագծում ներդրված տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, ինչպես նաեւ հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մեխանիզմների զարգացման կառուցակարգերին՝ հիմնված կոռուպցիոն ռիսկերի գնահատման վրա:
Ժան-Ֆիլիպ Բուզուլն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ բարձր են գնահատում Հայաստանի վարած ընդգծված հակակոռուպցիոն քաղաքականությունը եւ հավելել, որ պատրաստակամ են այդ ճանապարհին շարունակել համագործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ բաց կառավարման գործիքակազմերի ազգային մակարդակին առնչվող մի շարք այլ հարցերի:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:





























